ՄԱԿ-ը կոչ է արել 95 միլիոն դոլարի օգնություն տրամադրել պաղեստինցիներին
ՄԱԿ-ը կոչ է արել առաջիկա երեք ամիսների ընթացքում 95 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Գազայի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի՝ ներառյալ Արեւելյան Երուսաղեմի պաղեստինցիներին, հաղորդել է AFP-ն:
Պաղեստինի տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Լին Հասթինգսը նշել է, որ ՄԱԿ-ը ներկայումս ուսումնասիրում է օգնության հրատապ կարիքները, ապա գնահատելու է երկարաժամկետ վնասները: Նրա խոսքով՝ դիմումն ուղղված է «առավել հրատապ կարիքների» բավարարմանը, ինչպիսիք են սնունդը, առողջությունը, դեղամիջոցները, ենթակառուցվածքների արագ վերականգնումը եւ ֆինանսական աջակցությունը:
ՄԱԿ-ը այլ հիմնադրամներից արդեն 22.5 միլիոն դոլար է հատկացրել կարիքների բավարարման նպատակով:
Կատարը հայտարարել է, որ առանձին 500 միլիոն դոլար է վճարելու Գազան վերականգնելու համար, իսկ ԱՄՆ-ը խոստացել է 2021 թվականին պաղեստինցիներին լրացուցիչ 75 միլիոն դոլար տրամարդել զարգացման եւ տնտեսությանն աջակցության նպատակով, 5,5 միլիոն դոլար որպես անհապաղ օգնություն Գազային տարերային աղետների դեպքում եւ 32 միլիոն դոլար` ՄԱԿ-ի՝ պաղեստինցիներին աջակցության հարցերով գործակալությանը:
Պաղեստինցի պաշտոնյաները վերակառուցման ծախսերը գնահատում են տասնյակ միլիոնավոր դոլարներ: