Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Սիրիայում մայիսի 26-ին անցկացված նախագահական ընտրությունները և մեղադրել է Սիրիայի իշխանություններին ընտրությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման համար: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիական ռեժիմի կողմից այսօր կազմակերպված ընտրություններն անօրինական են և չեն արտացոլում ժողովրդի կամքը: Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ոգու հետ անհամատեղելի և անարդար պայմաններում անցկացված ընտրությունները ցույց են տալիս ռեժիմի ոչ անկեղծ մոտեցումը քաղաքական գործընթացներին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նաև մատնանշել է «ընտրությունների անցկացման միջոցով արհեստական լեգիտիմության հասնելու Բաշար ալ-Ասադի ռեժիմի փորձերը ճնշելու անհրաժեշտությունը»:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Ասադը, նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային: