Բլինկենն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հասնելու գործում ընդգծել է Եգիպտոսի «առանցքային դերը»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հասնելու հարցում այդ երկրի կարևոր դերը: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղարը փոխանցել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատման գործում Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի առանցքային միջնորդական ջանքերի, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երախտագիտությունը։ Պետքարտուղարը հաստատել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը», - նշվում է հաղորդագրությունում։
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից: