Ամերիկուհին 1 մլն դոլար է շահել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար նախաձեռնված վիճակախաղով
ԱՄՆ-ի Օհայո նահանգում հայտնի են դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար Vax-a-Million վիճակախաղի հաղթողները, հայտնում է NBC News-ը և հավելում, որ Սիլվերթոնից Աբիգայել Բուգենսկեն շահել է 1 միլիոն դոլար, իսկ դպրոցական Ջոզեֆ Քոսթելլոն Էնգլվուդից կրթության ամբողջ ընթացքի համար կրթաթոշակ է շահել։
Նշվում է, որ կրթաթոշակը տրամադրվելու է նահանգի ցանկացած քոլեջում կամ համալսարանում ուսումը շարունակելու համար։ Ինչպես նշել է նահանգապետ Մայք Դևայնը՝ ոմանք գաղափարը կարող են «խենթ» որակել կամ համարել «փողի վատնում», սակայն հայտարարությունից անմիջապես հետո նահանգում պատվաստումների աճ է գրանցվել՝ 28 տոկոսով:
Vax-a-Million վիճակախաղը նախաձեռնել է Դևայնը` խթանելու կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը: Նրանք, ովքեր առնվազն մեկ ներարկում են ստացել, ինքնըստինքյան ընդգրկվում են մասնակիցների ցուցակում: Հաղթողները հայտնի են դառնալու յուրաքանչյուր չորեքշաբթի՝ մինչև հունիսի 23-ը:
Ընդհանուր առմամբ մրցանակի է արժանանալու 10 մարդ։ Նման վիճակախաղեր են մեկնարկել նաև Նյու Յորքում և Մերիլենդում։ Իսկ Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել բարերի և գարեջրատների հետ, և ցանկացած մարդ, որը պատվաստվում է վարակի դեմ, կարող է անվճար խմիչք ստանալ։