Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի շրջափակման և գերեվարման մասին:
«Ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 27-ին ժամը 03:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի «հետախուզական-դիվերսիոն խմբերը» (չակերտները` Խմբ.) Քելբաջարի (Քարվաճառ) հատվածում հատել են հայ-ադրբեջանական պետական սահմանը`փորձելով ականապատել Ադրբեջանի տարածքը և կատարել այլ սադրիչ գործողություններ»,-ասված է հաղորդագրությունում, որում նշվում է 24 զինծառայողի մասին:
Նշվում է, որ բերման է ենթարկվել և զինաթափվել 6 զինծառայող, մյուսները հեռացել են:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հայ զինծառայողներին գերեվարման տարածքի աշխարհագրական կոորդինատները. 40 աստիճան, 09 րոպե 06 վայրկյան հյուսիսային լայնության, 45 աստիճան, 58 րոպե, 07 վայրկյան արևելյան երկայնություն (N 40 ° 09′06 ″; E 45 ° 58′07):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։