«Թուրքիան վերածվել է մի երկրի, որտեղ ընտրված քաղաքական գործիչները ճաղերի ետևում են հայտնվում, իսկ կոռումպացված չինովնիկների դեմ գործնական քայլեր չեն ձեռնարկվում». Դեմիրթաշ
Թուրքիայում բանտարկված ծագումով քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշն ասել է, որ Թուրքիան վերածվել է մի երկրի, որտեղ ընտրված քաղաքական գործիչները ճաղերի ետևում են հայտնվում, իսկ կառավարական չինովնիկների դեմ կոռուպցիոն և այլ հանցագործությունների վերաբերյալ պնդումների հարցով գործնական քայլեր չեն ձեռնարկվում, հայտնում է Ahval թերթը։
«Այսօր մաֆիայի պարագլուխը փաստորեն պատանդ է վերցրել Թուրքիայի Հանրապետությունը», - ասել է Դեմիրթաշը։
Հայտնի է, որ կազմակերպված հանցավորության աքսորված առաջնորդ Սեդաթ Փեքերն իր յութուբյան ալիքում տեղադրված մի քանի տեսանյութերի միջոցով պնդել է, որ նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ, ներառյալ ներքին գորերի նախարար Սուլեյման Սոյլուն, աչք են փակում թմրանյութերի ապօրինի շրջանառության վրա, ինչպես նաև այլ հանցագործությունների՝ ինչպիսին են սպանությունը, բռնաբարությունը և կոռուպցիան։
«Սակայն անվտանգության վարչությունը, որը գործում է Սուլեյման Սոյլուի գլխավորած նախարարության ենթակայությամբ, կարող է կրկին ձերբակալել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» 30 անդամների՝ հիմնվելով 2 կամ 3 կեղծ վկայությունների վրա», - նշել է ձերբակալված քաղաքական գործիչը։
Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Անկարան շարունակում է հետապնդել կուսակցության անդամներին՝ մեղադրելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ կապի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Դեմիրթաշին սպառնում է 142 տարվա ազատազրկում՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը Քոբանիի համար բողոքի ակցիաները ղեկավարելու համար, որի հետևանքով զոհվել է 34 մարդ։