«Եթե դիվանին նստած քաղաքացիները մտածում են, որ պետք է կիրգիզը, տաջիկը, ուզբեկը, ռուսը, բելառուսը գան ու պաշտպանեն իր սահմանները, այդպես չի լինելու»․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի քվոտայով մանդատ ստացած Ալեքսեյ Սանդիկովի հետ երեկ մեր զրույցը սկզբում ընթանում էր բավականին բարյացակամ մթնոլորտում։ Հետո, երբ հիշեցրինք, որ ինքը գուցե լավ պատգամավոր է եղել իր համայնքի համար, բայց մի թիմի անդամ է, որի օրոք Արցախը հանձնվեց, հազարավոր զոհեր ունեցանք, և հիմա վտանգված են մեր պետական սահմանները, նա ձայնը բարձրացրեց ու սկսեց մուննաթ գալ։ Մի խոսքով՝ ինչպես մի շարքային իմքայլական։ Սանդիկովն այս անգամ էլ ՔՊ-ի ցուցակում է ընդգրկված։
- Ի՞նչ եք խոստանալու այս անգամ ձեր համայնքի ներկայացուցիչներին։
- Մեր համայնքը, իրականում, իմ գործունեության ընթացքում բավականին դրական արդյունքներ միանշանակ տեսել է՝ համայնք-պետություն հարաբերություններում արդյունավետ միջնորդ ունենալու տեսանկյունից։ Բացի դրանից, պատերազմի օրերին, քովիդի հետ կապված սահմանափակումների օրերին, հիմնականում պայմանավորված իմ ազգակիցների՝ Հայաստան վերադառնալու չարթերային թռիչքների աշխատանքների հետ, կրթության, դասագրքերի, մշակութային միջոցառումների հետ կապված․․․ Կարծում եմ՝ աշխատանքները պետք է որոշիչ գործոն լինեն իրենց որոշման հարցում։
- Իսկ ձեր ազգակիցներին՝ որպես ՀՀ քաղաքացիների, ի՞նչ եք խոստանալու թիմի անունից, այն թիմի, որի օրոք եղավ պատերազմ, հազարավոր զոհեր, հողեր հանձնել, հիմա էլ Սյունիքից ենք տարածքներ հանձնում։
- Ձեր նշած մեղադրանքների ու կոնկրետ թիմի միջև կապը, ի տարբերություն Ձեզ, ես այդքան ուղղակի չեմ տեսնում։ Իմ ներկայացրած համայնքը, ինչպեսև նախորդ գումարման ԱԺ-ում, պետության հետ հարաբերությունները տեսնում էր ի դեմս ինձ՝ որպես ԱԺ պատգամավոր, նույնկերպ նախատեսում եմ, որ հարաբերությունները կշարունակվեն նաև գալիք Ազգային ժողովում։
- Բայց Դուք մի թիմի անդամ եք, որին մեղադրում են ամենածանր հանցանքների, մեղքերի մեջ, այդ թիմի կառավարման արդյունքում մենք ունենք նման ողբերգական իրավիճակ և կանգնած ենք պետականության կորստի առջև։
- Դեռ ոչ մեկը չի ապացուցել և դժվար թե ապացուցի, որ լիներ այլ թիմ և նմանատիպ իրավիճակ, արդյոք կլինե՞ր, թե՞ ոչ։ Ես քանի որ ներկայացնում եմ Հայաստանում բնակվող ազգությամբ ռուս էթնիկ փոքրամասնությունը, այդ թիմը, վստահաբար կարող եմ ասել, բավարարված է իրենց պատգամավորի աշխատանքից՝ այն առումով, որ իրենց ընտրած պատգամավորն ապահովել է առավելագույն արդյունավետ աշխատանք պետության հետ։ Իրենք տեսնում են, որ իրենց գյուղում կյանքը փոխվում է, ենթակառուցվածքներ ունեն զարգացած, մշակութային ծրագրեր ունեն զարգացած, նաև շտապեմ լավ նորությամբ կիսվել՝ Հայաստանում բնակվող բոլոր ռուսական սեկտորում սովորող աշակերտներն արդեն մինչև հունիսի վերջը կունենան նոր դասագրքեր։ Դա ևս իմ պատգամավորական աշխատանքի արդյունք է։
- Իսկ Հայաստանի անվտանգությունը նրանց չի՞ մտահոգում, որ թուրքն ամեն օր առաջանում է դեպի Հայաստանի խորքը։
- Դուք անընդհատ շեշտադրում եք՝ վայ, հեսա եկան, կոտորեցին, բան արեցին, մեր փոքրաթիվ համայնքից մենք ունեցել ենք երեք զոհ, երեք մոլոկան երեխա զոհվել է, արյուն է թափել էս երկրի համար։ Մենք նույնքան մտահոգ ենք ՀՀ անվտանգության և անկախության համար, որքան շարքային ցանկացած քաղաքացի։ Պետք չէ լրացուցիչ անգամ շահարկել։ Ոչ ոք դեռ չի երաշխավորել, որ եթե «Իմ քայլի» փոխարեն լիներ ցանկացած այլ ուժ, մենք չէինք ունենա շատ ավելի վատ իրավիճակ։
- Բայց փաստացի «Իմ քայլի» օրոք ունենք այս վիճակը։
- Փաստացի հիմա տաք տեղ նստած՝ մեծ-մեծ խոսում ենք։
- Մի ջղայնացեք, պարոն Սանդիկով, հանգիստ խոսում ենք։
- Դե, ջղայնանում եմ, որովհետև շահարկում եք, անընդհատ ամեն ինչը սարքում եք մատի փաթաթան, չի կարելի։ Ես կոնստրուկտիվ երկխոսության ջատագով եմ։ Ես չեմ սիրում քաղաքական մատի փաթաթան սարքած շահարկումները դարձնել խոսակցության առարկա։
- Բայց Դուք այս թիմի անդամ եք։
- Հասկացանք՝ թիմի անդամ եմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ես և Դուք ՀՀ քաղաքացի ենք։ Ու եթե ինչ-որ մեկը Հայաստանի Հանրապետության անվտանգության, բարեկեցության մասին չի մտածում, ինքն առնվազն հայ չէ, հայաստանցի չէ։
- Դա, կարծում եմ, ընտրություններից հետո կերևա։
- Հունիսի 21-ին կզրուցենք, թե ով էր ավելի հայրենասեր։
- Մի բան էլ՝ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի մասով․ հիմա ձեր իշխանությունը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով․․․
- Մե՛ր իշխանությունը, ոչ թե իմ, այլ մեր։ Դուք ՀՀ քաղաքացի՞ եք։ Ուրեմն կա՛մ իշխանությունը բոլորինս է, կա՛մ ոչ ոքինը։ «Մեր» ու «Ձեր» չկա, Վահե ջան, ես էմոցիոնալ եմ ընդունում, որովհետև իշխանությունը և՛ իմն է, և՛ քոնն է, և՛ էն սիրուն աղջկանը։
- Թողեք՝ իմ սեփականության հետ կապված հարցերն ինքս որոշեմ, թե ինչն է իմը, ինչը՝ ոչ։ Հարցնում եմ՝ իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, ի՞նչ է լինելու դրանից հետո։
- Լավ է արել՝ դիմել է, ընթացակարգեր կան, այլ առաջարկներ ունե՞ք, ո՞ւմ դիմենք։ Գործընթացները կատարվում են։
- Ուզում եմ իմանալ՝ այդ կառույցն օգնելո՞ւ է մեզ, թե՞ չի օգնելու։
- Էդ կառույցը կատարում է իր լիազորությունների շրջանակում կատարված բոլոր գործընկերային հարաբերություններով պայմանավորված բոլոր գործողությունները։ Եթե դիվանին նստած, էն իրենց փրչոտ փորերը քորող հրամանատար կոչեցյալ քաղաքացիները մտածում են, որ պետք է հենց հիմա կիրգիզը, տաջիկը, ուզբեկը, ռուսը, բելառուսը գան ու պաշտպանեն իր սահմանները, մինչև իրենք նստեն Ֆեյսբուքում ու հրամանատարություն անեն, այդպես չի լինում։ Պետական կառույցներն ունեն իրենց բոլոր գործընթացները՝ դիմումը գնաց, դիմումը քննարկվում է, անցնում է ռազմական, դիվանագիտական բոլոր խողովակներով, և դրա արդյունքն արտահայտվում է։
- Եվ ի՞նչ է փոխվել արդյունքում՝ թշնամին շարունակում է մնալ մեր երկրում։
- Թշնամին շարունակում է մնալ մեր երկրում, ուրեմն մենք ունենք 2 տարբերակ՝ կա՛մ լուծել հարցը դիվանագիտական տարբերակով, կա՛մ գնալ սահման ու կռվել։
- Այսինքն՝ ՀԱՊԿ-ից ձե՞ռք ենք քաշում։
- Մենք բոլոր դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններով, նաև ՀԱՊԿ-ով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով կամ այլ միջազգային կառույցներով, որտեղով որ մենք մի փոքր լծակ ունենք, որ կարող ենք ազդել առանց մի գրամ արյուն թափելու, ավելի լավ է՝ 20 օր հետո հարցը լուծենք, քան էդ իմ նշված հրամանատարների կողմից, որ ասում են՝ գնացեք, մտեք, փրթեք-թափեք, 10 հոգի՝ էս կողմ, 10 հոգի՝ էն կողմ։ Ես դրա կողմնակիցն եմ։
- Իսկ հույս կա՞, որ 20 կամ 30 օր հետո այդ հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։
- Հույսը երբեք չի մահանում, ես անկեղծ լիահույս եմ, որ եթե ցանկացած միջազգային ճնշման արդյունքում մենք կարողանանք Հայաստանի համար հայանպաստ որոշում կայացնենք, էդ որոշումը պետք է պաշտպանել։
- Ուղղակի պատմությունը չկրկնվի՝ ինչպես ժամանակին եվրոպական նավերը «չէին բարձրանում» մեր լեռները, հիմա էլ ռուսական կամ ՀԱՊԿ-ի նավերը «չբարձրանան»։
- Հայկական պատմությունը չի կրկնվի այն դեպքում, երբ որ Հայաստանի ներսում մենք իրար մեջ ազգությամբ հայ թշնամիներ չունենանք, էդքան բան»,-գրում է թերթը։