Ապաքաղաքական խորհրդարան. «Հրապարակ»
«Հայաստանում իշխանությունը ձևավորում է ոչ թե ժողովուրդը, այլ մի քանի մարդ։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում խորհրդարանական կառավարում է, և միակ ուղղակի ընտրություններն ԱԺ ընտրություններն են, և մենք՝ ընտրողներս, ընտրում ենք մեզ ներկայացված ցուցակներից, իսկ դրանք կազմվում են բացառապես այդ ուժերի լիդերների կողմից, ապա փաստ է, որ Հայաստանում իշխանություն ձևավորում են այն 5-6 հոգին, ովքեր կազմում են նախընտրական ցուցակները։ Ըստ այդմ՝ այս անգամ իշխանությունը ձևավորելու են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, գուցե նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Էդմոն Մարուքյանը։
Ընդ որում, քաղաքական ուժերի լիդերները ցուցակները կազմում են միանձնյա և առանց թիմերի հետ խորհրդակցելու, անգամ՝ առանց քաղաքական տարբեր իրողություններ հաշվի առնելու։ Դրանք հիմնականում լիդերների ճաշակի ու նախասիրությունների, անձնական որակների և մերձավորների շրջանակի հայելային արտացոլումն են։ Ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել, որ ոչ մի լիդեր ցուցակը կազմելիս չի առաջնորդվում երկրի շահով, թեկնածուների՝ քաղաքական համար մեկ մարմնում ներկայացված լինելու համար անհրաժեշտ որակներով, նրանց՝ օրենսդրական աշխատանքի փորձով, հռետորական ձիրքով, հմուտ մասնագետ կամ կազմակերպիչ, հայրենասեր անձ և կրթված անհատականություն լինելու փաստով։ Այդ ցուցակները դարձել են լիդերի կողմից իրեն նվիրված մարդկանց խրախուսելու, պարգևատրելու միջոց։
Ցուցակում հայտնվում են մարդիկ, ովքեր մարզերում ձայներ ունեն և ընտրություն կազմակերպելու փորձ։ Ովքեր փող ունեն և մեծ շրջապատ։ Այսինքն՝ դեր են խաղում բացառապես ապաքաղաքական գործոններ, և արդյունքում ունենում ենք ապաքաղաքական խորհրդարան»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։