Որ կուսակցությունն ինչ սկզբունքով է կազմել ընտրացուցակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ վերջնաժամկետն էր, և հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վերլուծել և հասկանալ, թե ինչ ցուցակներով, ինչ փոփոխություններով և ինչ տրամաբանությամբ են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը:
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 161 հոգուց, և ցանկում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն այս պահին դիտարկենք միայն առաջին 50-ը և ցանկում տեղ գտած փոփոխությունները: Օրինակ՝ թռիչքաձև անկում է արձանագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը, 2018 թվականին ցուցակի 14-րդը լինելով, այս անգամ հայտնվել է ցուցակի վերջում և 157-րդն է: 2018-ին 34-րդը լինելուց հետո այս անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը 74-րդն է:
Նկատենք, որ 50-ից ներքևում են գտնվում շատ գործող պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյան, Մաթևոս Ասատրյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թևոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Արեն Մկրտչյան, Նարեկ Զեյնալյան և այլք: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն այդքան էլ հեշտ չի գրվել: Ցուցակում վերջին պահին փոփոխություններ են եղել, և, օրինակ, պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այժմ ցուցակում 12-ն է, իսկ Մարիա Կարապետյանը 24-րդն է:
Այժմ անդրադառնանք խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի ցուցակին: ԲՀԿ ցուցակի առաջին 20-ում քաղաքական դեմքեր չկան, և ցուցակից դուրս են մնացել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Դալլաքյանը և այլք։
ԼՀԿ ցուցակում ևս փոփոխություններ կան. ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանից հետո երկրորդը Արտյոմ Գեղամյանն է, երրորդ հորիզոնականում Անի Սամսոնյանն է, ապա Գևորգ Գորգիսյանն ու Դավիթ Խաժակյանը: Հետաքրքիր է, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ չեն զբաղեցրել գործող պատգամավորներ Արկադի Խաչատրյանն ու Աննա Կոստանյանը: Նկատենք, որ այս ընթացքում քաղաքական ուժերից ամենաբացն իր ցուցակը կազմել և ներկայացրել են թերևս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:
Առաջինի դեպքում որոշումները կայացվել են համամասնությամբ՝ եռյակ՝ ՀՅԴ, եռյակ՝ Քոչարյանամերձ անձինք, և եռյակ՝ «Վերածնվող Հայաստան»: Իսկ, ահա, «Պատիվ ունեմ»-ի պարագայում ցուցակը նոր է, չկան ՀՀԿ-ական հին դեմքերը, միայն Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն են, որոնք Երևանում ընկալելի կերպարներ են:
Սակայն նկատենք, որ բոլոր ցուցակներում գերակշռում են հայկական բանակում չծառայած տղաները, ինչը հատկապես այս իրավիճակում խիստ մտահոգիչ է, և քաղաքական ուժերի առաջնորդները պետք է դա հաշվի առնեին իրենց ցուցակները կազմելուց առաջ: Բանակում չծառայած թեկնածուների թեմային «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասն կանդրադառնա առաջիկայում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։