Ամոյան. Նաեւ հաղթանակների շնորհիվ ենք մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու
Մեծահասակների Եվրոպայի ու Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանն օրեր առաջ հռչակվեց Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Երեւան վերադառնալուց հետո նա զրուցել է Mediamax Sport-ի հետ ու պատմել դժվար տրված չեմպիոնության մասին:
«Ոչ մի հաղթանակ էլ հեշտ չի լինում, այս մեկն էլ բացառություն չէր: Շատ երկար էի պատրաստվել հաջողությունը գրանցելու համար: Դրան միայնակ չեմ հասել, ինձ շատ են օգնել ընկերներս, որոնց հետ պարապում ենք ու դե, իհարկե, մեր մարզիչները:
Մինչ այս 2 կարեւոր մրցաշարերի եզրափակիչներում պարտություն էի կրել, ինչի պատճառով այս անգամ մի քիչ լարված էի, չէի ցանկանում նորից նույն սխալները թույլ տալ ու ոսկուց զրկվել: Այս անգամ ստացվեց իմ առաջադրանքը ճիշտ կատարել: Նախորդ եզրափակիչներում հնարքներս մինչեւ վերջ կատարել չէր հաջողվում:
Եզրափակչում հանդիպեցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկին, որին 2 ամիս առաջ հաղթել էի Կիեւի միջազգային մրցաշարում: Գիտեի նրա ոճն ու պետք է պարտերից փորձեի միավոր վաստակել, քանի որ կանգնած դիրքում բավական լավ է զգում իրեն:
Հաղթանակս մեր ողջ ազգին եմ նվիրում, զգացի, թե որքան ուրախացան ադրբեջանցի մրցակցին հաղթելու համար: Կարծում եմ, որ սպորտի շնորհիվ ու առհասարակ ամեն մեկս մեր գործը լավ անելու շնորհիվ ենք կարողանալու երկիրն այս վիճակից դուրս բերել:
Վաղը հավաքականի հետ մեկնելու եմ Ալուշտա, որտեղ իրենց մարզումներն են շարունակելու Օլիմպիական ուղեգրեր ունեցող ըմբիշները: Այս տարվա հաջորդ նպատակս մեծահասակների Աշխարհի առաջնությանը լավ մասնակցելն է»: