Երկրի ուղղությամբ պոտենցիալ վտանգավոր 2 աստերոիդ է թռչում
Մայիսի 27-ին և հունիսի 1-ին 2 խոշոր աստերոիդներ կմոտենան Երկրին: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիային կից Մերձերկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի (CNEOS) մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գիտնականների գնահատմամբ, առաջին տիեզերական օբյեկտը ՝ 2021 JF1 անվամբ, ավելի մեծ է, քան Նյու Յորքի Ազատության արձանը ՝ 94-ից 210 մետր տրամագծով: Այն շարժվում է վայրկյանում մոտ 17 կիլոմետր արագությամբ և մայիսի 27-ին կթռչի մեր մոլորակի կողքով:
ՆԱՍԱ-ն այն բնորոշել է որպես Ապոլոն խմբի մերձերկրային ամենավտանգավոր օբյեկտներից մեկը:
Երկրորդ աստերոիդը ՝ 2021 KT1-ը, թռչում է վայրկյանում մոտ 18 կիլոմետր արագությամբ, դրա տրամագիծը տատանվում է 150-ից 330 մետրի միջև (համեմատելի է Փարիզի Էյֆելյան աշտարակի հետ): Աստղագետները կարծում են, որ այն Երկրին կմոտենա հունիսի 1-ին և կանցնի 13 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: