«Ալլահ Աքբար» և այլ գրառումներ են հայտնվել Թուրքիային սահմանակից Ջրափիի իջևանատան պատին. armtimes.com
«Ալլահ Աքբար» գրառումը Շիրակի մարզի Ջրափի համայնքի իջևանատան պատին տեղաբնակները հայտնաբերել են մայիսի 24-ի երեկոյան: Մայիսի 25-ի առավոտյան էլ այդ մասին տեղյակ են պահել համայնքի վարչական ղեկավար Կամո Սարգսյանին:
Գրառումները ոչ թե հայերենով, այլ՝ հավանաբար լատինատառ են եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավարն ասաց, գյուղի հովիվն է իրեն դեպքի մասին տեղյակ պահել: Մինչ շտապել են տարածք, դրանք արդեն ջնջված են եղել: Մնացել է ընդամենը 2 տառ՝ A և L:
«Մնացածը ջնջված էր, ես ոչ մի բան չեմ կարա ասեմ: Մինչև իմ գնալը ջնջել էին, բայց թե ով էր ջնջել, չկարացի իմանամ: Մեկն ասում է գրած էր «Ալլահ Աքբար», եսիմ ինչ, բայց դե ես լրիվ գրածը չեմ տեսել, մաքրած էր արդեն: Առաջի երկու տառը մնացել էր,տուֆ քարի վրա տարել, բերել, խազել էին: Մոտս տաչիլի քար կար (խարտոց), ես էլ իմ ձեռքով էդ խազերը մաքրել եմ, որ չերևան իջևանատան վրա: Ռուսերեն էր, թե անգլերեն էր, էդի արդեն ես չեմ կարա ասեմ»,-պատմեց Կամո Սարգսյանը:
Գրառումներն արվել են ոչ թե ներկով կամ թանաքով, այլ քարը քարին հպելու միջոցով: Իջևանատունը սև ու դեղին տուֆով է կառուցված, վրան հազար ու մի գրառում կա: Եվ ջրափեցիներն են դրանք գրել, և գյուղի հյուրերը: Թե ինչպես է այդ բազմաթիվ գրառումներից աչքի ընել «Ալլահ Աքբարը», հատկապես որ թանաքով, ներկով կամ տեսանելի այլ նյութով գրված չի եղել, Սարգսյանը չգիտի, բայց ենթադրություն ունի:
Ասաց, քանի որ իջևանատան մաքուր կամարին է գրառումը հայտնաբերվել, սև տուֆի վրա դեղին տուֆով խազելով գրել են, դրա համար էլ երևի, միանգամից նկատել են:
Թե ով է առաջինը տեսել գրառումը, նաև ով է ջնջել այն, համայնքի ղեկավարն ասել չի կարող: Մեզ հետ զրույցում նշեց՝ դեպքով իրավապահներն են զբաղվում: Իրեն հովիվն է տեղյակ պահել:
«Ով որ ինձ եկավ ասեց, թե գրառում կա, հենց իր հետ գնացինք, արդեն ջնջված էր: Հասարակ, չոբան գյուղացի է, այսինքն 3-4 հովիվ են, անասուններ են պահում էնտեղ, բայց թե իրենք են ջնջել, ով է ջնջել, չենք կարող ասել, զբաղվում են դրանով հիմա: Էդ իմ ասելիքը չէ, էլի: Մեզ համար անհայտ բան մնաց, էլի: Տեսնողն արդեն գիտե, ինչ է տեսել: Բայց ասեմ, որ հենց կողքը մեր եկեղեցին է, վրան ոչ մի բան չկա գրված, մաքուր է»,-նշեց Կամո Սարգսյանը:
Իջևանատունը կիսակառույց է, կից է Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն: Ներկա պահին այն որպես հավաքատեղի է ծառայում: Գյուղացները հավաքվում, զրուցում, նարդի են խաղում: «Տուրիստներն էլ են գալիս, մտնում, մուտք ու ելքը մեծ է: Բայց հենց օտար մարդիկ գալիս են, մենք միանգամից իմանում ենք, ուշադիր ենք: Օրական 1000 հոգի մենակ ձկնորս գուկա տարբեր տեղերից, գալիս, սահմանն անցնում, նստում են Թուրքի լճի ափին: Շարժը մեծ է: Եզդիներն են անասունները տանում սարերը, գալիս էդ խաչմերուկին քնում են, հետո շարունակում իրենց ճանապարհը: Չեմ կարա որևէ մեկի վրա բիծ քաշեմ, ասեմ սա է արել, նա է արել: Երկիրն էնքան մունդառ մարդ կա, որ չիդես ինչ մտածես»,-ասաց համայնքի ղեկավարը:
Ոստիկանությունից ի պատասխան մեր հարցմանը նշեցին, որ դեպքն արձանագրել են այսօր, նախապատրաստվում են նյութեր:
Ջրափին որպես Թուրքիային սահմանակից համայնք, գրավում է շատ զբոսաշրջիկների, պատմական եկեղեցիներ կան տարածքում, որոնք տեսնելու համար էլ շատերն են հասնում Ջրափի:
Գալիս-գնում են, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, իրենք ուշադիր են յուրաքանչյուր մուտ ու ելքի: «Աչքի լույսի պես նայենք-կպահենք մեր եկեղեցին էլ, էդ իջևանատունն էլ: Առաջ մեր գյուղը, որ Չռպլու կկոչվիր, եթե ուզել են Անի գնալ, եկել, մեր գյուղի կամրջով են անցել, գնացել: Մենք Մակեդոնսկի մոստ կսենք էդ կամրջին, էդ մոստով են անցել: Բայց, եթե ուշ է եղել, էդ իջևանատանն են քնել, մնացել, նոր շարունակել են իրենց ճանապարհը Անի: Էդ իջևանատանը նույնիսկ ձին են կապել, ամեն հարմարությունն եղել է: Հնություն է, ու բոլորը գալիս են տեսնեն:
Եկեղեցին ևս հետաքրքիր պատմություն ունի: Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով նախկին Ջրափին տեղափոխվել և այլ վայրում է հինադրվել: Ջրի տակ մնացած եկեղեցին քանդել, քար առ քար բերել, նոր բնակատեղիում վերակառուցել են եկեղեցին, իջևանատունը, սակայն, ամբողջությամբ վերակառուցել չեն հասցրել, մնացել է կիսակառույց: Իսկ դեպի Անի տանող կամուրջը մնացել է ջրի տակ: «Երբ ջուրն իջավ կերևա, մի ամսի հետո պարզ կերևա, գյուղից մոտ 500 մետր հեռավորության վրա է կամուրջը, սահմանից ներս, մեր մոտ»,-պատմեց Ջրափիի վարչական ղեկավար Կամո Սարգսյանը: