Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը․ Իրանի արտգործնախարարը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական սադրանքի մասին (տեսանյութ)
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային վերջին միջադեպերին, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, սադրանքների մասին, որոնց հետևանքով երեկ հայ զինծառայող էր զոհվել։
«Իրանի իսլամական հանրապետությունը միշտ տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման կողմնակից է՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները։ Ցանկացած սրացման դեպքում, եթե լարվածության հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, դա մեզ մտահոգում է։ Ցանկալի է, որ ինչքան հնարավոր է արագ և խաղաղ լուծվի այս հարցը։ Երեկ զրուցել եմ նաև Ադրբեջանի նախագահի հետ, զգացի նրա մտայնությունը՝ լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին»,-ասել է նա։
Զարիֆը տեղեկացրել է, որ ցանկանում ենք աջակցել, որ այս հարցը խաղաղ լուծում ստանա։
Ճեպազրույցին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր է գնահատել Զարիֆի տարածաշրջանային այցն այս օրերին՝ նշելով, որ դա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրության մասին՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ «Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան, կարևոր գործըներ է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, երկկողմ ջանքեր ենք գործադրելու՝ խորացնելու մեր միջպետական համագործակցությունը տարբեր ոլորտներում»,-ասել է նա։