ՌԴ դիրքորոշումն է՝ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար և Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է և անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի. Նիկոլ Փաշինյան
Ում հետ կարող է Ադրբեջանը պայմանավորված լինել, որ այսպիսի հանդգնության գնալ, որ դեմը չենք կարողանում առնել, կամ չենք առնում այնպես, ինչպես պետք է առնենք ու սպասում ենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարունակելու են խորհրդակցությունները ՀԱՊԿ շրջանակներում, ՌԴ-ի հետ, Իրանի հետ ևս: «Մենք հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մեր սահմանից պետք է դուրս գան, և Պաշտպանության նախարարությունը քանիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում, մենք, իհարկե, մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մասին պետք է մտածենք: Ես այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ռազմական դրություն․ Աստված մի արասցե իրավիճակի կտրուկ սրման դեպքում կարող է տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրավիճակը կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,-ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե արդյոք ունեն մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի, մեր սահմանը հատած Ադրբեջանի Զինված ուժերի նկատմամբ՝ այնուհետև ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: «Դուք նկատի ունեք ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարե՞ն, այդպիսի բան ո՞նց է հնարավոր, դա նշանակում է, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, քանի որ իր միջազգային պարտավորությունը չի կատարում: ՌԴ դիրքորոշումը եղել է, կա և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար, և այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանը այդ կարմիր գիծը հատել է։ Ես անհավանական եմ, անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Դրանց ամբողջ իմաստը այն է, և մեկնաբանությունը այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա, հարձակում է ՌԴ-ի վրա, դա գրված է թղթի վրա, սա նշանակում է, որ եթե որևէ մեկը կարող է անպատիժ հարձակվել ՀՀ-ի վրա, ուրեմն ցանկացած մեկը կարող է անպատիժ հարձակվել ՌԴ-ի վրա»,-ասաց նա: