«Միակ խնդրանքս է՝ արդար վճիռ կայացնել». Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատավարությունն ավարտվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարությունն ավարտվեց։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
«Միակ խնդրանքս է՝ արդար վճիռ կայացնել»,- դատարանին դիմեց գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ անկախ ամեն ինչից` դատարանից ակնկալում են արդար դատական ակտ. «Դատաքննությունը ցույց տվեց այս գործի շինծու լինելը»։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ դատարանը 2018 թվականին սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել նրա նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։
Նշենք, որ գործով մեղադրող դատախազը Հայկ Սարգսյանի համար ազատազրկում էր պահանջել 7 տարի ժամկետով։