Բայրամովը հայտնել է, թե ինչ պայմաններով է հնարավոր համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով»:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին ադրբեջանցի նախարարը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Բայրամովը շեշտել է, որ հատուկ կարևորություն ունի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:
«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», - գրել է Ալիևը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից: