Պուտինի և Բայդենի հանդիպումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական փոփոխությունների չի հանգեցնի. ամերիկացի և կանադացի փորձագետներ
Ամերիկացի և կանադացի փորձագետները կանխատեսում են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպումը երկու երկրների հարաբերություններում էական փոփոխությունների չի հանգեցնի։
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ռայմոնդ Մաքգովերնը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Պուտինն այս անգամ «լավ տղա» չի ձևանա, և կարելի է ակնկալել, որ Բայդենի հետ անձնական զրույցի ընթացքում նա ռազմավարական, ինչպես նաև այլ նուրբ հարցեր կբարձրացնի: Այնուհանդերձ, Մաքգովերնը կարծում է՝ հանդիպումն արդյունավետ չի լինի։
«Ես շատ պաշտոնական գագաթնաժողով եմ ակնկալում, եթե դա առհասարակ տեղի ունենա»,- ասել է նա՝ նշելով, որ նախագահները կարող են առնվազն քննարկել կլիմայի փոփոխության հարցը։
«Այլապես հանդիպումը կտապալվի և ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ»,- հավելել է նա։
Մոսկվայում Կանադայի դեսպանատան նախկին դեսպանորդ Պատրիկ Արմսթրոնգը նույնպես վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումն «էական փոփոխությունների չի հանգեցնի»:
«Ես փոփոխություններ չեմ ակնկալում, Բայդեն-Հարիսի վարչակազմում շատ են մարդիկ, որոնք Ռուսաստանի մասին դավադրության բազմաթիվ տեսությունների հեղինակներն են և անհնար են դարձրել երկկողմ հարաբերությունները»,- ասել է պաշտոնաթող դիվանագետը:
Ավելի վաղ Կրեմլից հաստատել էին, որ Պուտինը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-ին Ժնևում հանդիպում կանցնացնի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։