703 մետր. Սանկտ Պետերբուրգում ցանկանում են կառուցել աշխարհում 2-րդ ամենաբարձր շենքը (լուսանկար)
Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է կառուցել 703 մետրանոց երկնաքեր: Դա աշխարհում բարձրությամբ երկրորդ շենքը կլինի: Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ նշելով՝ նախորդ օրը տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը:
«Սոցիալական և գործարար ոլորտի հետագա զարգացման նպատակով, որը հաջողությամբ ստեղծվում է Ֆիննական ծոցի ափին գտնվող Լախտա կենտրոնի շուրջը, առաջարկվել է կառուցել նոր երկնաքեր՝ «Լախտա կենտրոն 2» անվանումով: Դրա բարձրությունը կլինի 703 մետր: Շենքը կդառնա ժամանակակից ճարտարապետական անսամբլի օրգանական շարունակությունը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունների և «կանաչ» (էկոլոգիապես մաքուր,-խմբ.) շենքերի համաշխարհային առաջատարը: Երկնաքերը կլինի բարձրությամբ երկրորդն աշխարհում և բացարձակ ռեկորդակիր դիտահարթակի բարձրության (590 մ) և շահագործվող վերին հարկի առումով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Երկնաքերը կունենա պարուրաձև աշտարակի տեսք, որը, ըստ նախագծի հեղինակների, «խորհրդանշում է Սանկտ Պետերբուրգի պատմության ու ավանդույթների հետ անքակտելի կապը»:
Ենթադրվում է, որ շինարարությունում կկիրառվեն «ոլորտում լավագույն էներգաարդյունավետ լուծումները»:
Նշվում է՝ 703 մետր բարձրությունը խորհրդանշում է Սանկտ Պետերբուրգի հիմնադրման տարեթիվը՝ 1703 թվականը: