«Հյուսիսային հոսք-2» գազատարը գրեթե պատրաստ է, նոր պատժամիջոցներ սահմանելը Եվրոպայի հետ մեր հարաբերությունների տեսանկյունից անարդյունավետ կլինի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը գործնականում ավարտվել է, և ծրագրի դեմ նոր պատժամիջոցների սահմանումն անարդյունավետ կլինի ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների տեսանկյունից, հաղորդում է ТАСС-ը:
«Երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, գազամուղի կառուցումը գրեթե ավարտված էր: Կարծում եմ՝ նոր պատժամիջոցների սահմանումն այժմ անարդյունավետ կլինի Եվրոպայի հետ մեր հարաբերությունների տեսանկյունից»,- նշել է նախագահ Բայդենը՝ ընդգծելով, որ ինքն ամենից առաջ դեմ է հանդես եկել ծրագրի իրագործմանը:
Մայիսի 20-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ չի մտցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարի օպերատոր «Nord Stream 2 AG»-ի նկատմամբ:
Ըստ Պետդեպարտամենտի՝ «Nord Stream 2 AG»-ն իրականացնում է գործողություններ, որոնք ենթակա են պատժամիջոցների, սակայն Սպիտակ տունը որոշել է հրաժարվել նման միջոցառումներից՝ ազգային անվտանգության հետ կապված պատճառներով:
«Հյուսիսային հոսք 2» գազամուղը մոտ 95 տոկոսով պատրաստ է: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին:
«Հյուսիսային հոսք 2» ծրագրով նախատեսված էր Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խ.մ. ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է: