Բայդենը չի հստակեցրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու Բելառուսի դեմ, բայց ասել է, որ պատժամիջոցներն արդեն գործում են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ քայլերի է դիմելու պաշտոնական Վաշինգտոնը Բելառուսի նկատմամբ՝ «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի և ընդդիմադիր բլոգերի ձերբակալման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Դելավեր ուղևորվելուց առաջ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Մինսկի նկատմամբ պատժամիջոցներն արդեն իսկ գործում են՝ չխորանալով մանրամասներում:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Բելառուսի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն է դիտարկում՝ այդ թվում ԵՄ-ի հետ համատեղ պատժամիջոցներ սահմանելու ձևաչափում:
Հիշեցնենք, որ խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
ԵՄ գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց և կազմակերպությունների անուններ ներառել: