Էկոնոմիկայի նախարարը ցնծության մեջ էր, բայց թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում, հայտնի չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ իսկական ցնծություն էր. նա, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.6 տոկոսով: Ավելին՝ նախարարը հպարտացել էր՝ նշելով, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում:
Թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում նախարարը, հայտնի չէ: Բայց նախարարը հավանաբար մոռացել էր նշել կամ էլ չէր տեսել, որ նույն Վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են: ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով։
«էլեկտրաէներգիայի սպառման անկումը ենթադրում է, որ նման տնտեսական աճ, ինչպես ասում է պարոն Քերոբյանը, մենք չունենք, որովհետև եթե կա արտադրության, արդյունաբերության աճ, զարգացում կամ որևիցե նոր աշխատատեղերի բացում, դրանք օգտագործում են էլեկտրաէներգիա, դրան պետք է զուգահեռ տեղի ունենա էլեկտրաէներգիայի սպառման ավելացում, իսկ մենք «ունենք անկում»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։