ԱՄԷ-ին F-35 կործանիչների վաճառքը վտանգված է Չինաստանի հետ կապերի վերաբերյալ ԱՄՆ-ի կասկածների պատճառով
ԱՄՆ հետախուզական ծառայությունները մտահոգված են ԱՄԷ-ի եւ Չինաստանի միջեւ ռազմական համագործակցության ակտիվացմամբ, ինչը կարող է բարդացնել միլիարդավոր դոլարների ամերիկյան զենքի վաճառքը Էմիրություններին:
Ըստ WSJ-ի՝ վերջին շաբաթներին ամերիկյան հետախուզական գործակալությունները նկատել են, թե ինչպես է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի երկու ինքնաթիռ վայրէջք կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայանում, որտեղ դրանցից բեռնաթափվել են անհայտ պարունակությամբ արկղեր:
Պեկինի եւ ԱՄԷ-ի՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակցի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության նախանշանները, տրանսպորտային թռիչքների հետ մեկտեղ, անհանգստացրել են ԱՄՆ պաշտոնյաներին եւ նոր անորոշության ստեղծել Էմիրություններին ժամանակակից ամերիկյան զենքի վաճառքի բազմամիլիարդանոց գործարքների հարցում:
Ապրիլին Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ առաջընթաց է արձանագրելու ԱՄԷ-ին 23 միլիարդ դոլար արժողությամբ 50 հատ F-35 կործանիչների, 18 Reaper անօդաչու սարքերի եւ ժամանակակից զինամթերքի վաճառքում:
ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով, սակայն, Պեկինի եւ Աբու Դաբիի միջեւ կապերի ընդլայնման նախանշանները կասկածի տակ են դրել գործարքի ապագան, քանի որ Վաշինգտոնը երաշխիքներ է ուզում զենքի վերաբերյալ, այդ թվում այն մասին, որ Էմիրությունները կկանխեն չինացիների կամ այլոց համար պատերազմ վարելու ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը:
«F-35-ի փոխանցումը, որը ԱՄՆ-ի զինանոցի գոհարներից է, ենթադրում է Էմիրությունների եւ Վաշինգտոնի միջեւ մոնոգամիայի որոշակի աստիճան», - ասել է մերձավորարեւելյան հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենկերը: «Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել մինչեւ համակարգերը հնարավոր կլինի փոխանցել», - նշել է նա: