Թրամփը պատասխանել է ՉԹՕ-ների գոյության մասին հարցին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդավար Դեն Բոնգինոյի ռադիոհաղորդման եթերում պատասխանել է չբացահայտված թռչող օբյեկտների գոյության մասին հարցին, գրում է Independent-ը։
Հաղորդավարի հարցին, թե ինչ է կարծում երկնքում չբացահայտված թռչող օբյեկտների լուսանկարների և տեսագրությունների մասին, որոնց ծագումը դեռևս չի պարզվել և արդյոք երկրի իշխանությունները հանրությունից թաքցնում են ՉԹՕ-ների գոյության փաստը, Թրամփը նշել է՝ «չի հավատում դրանց գոյությանը»։
«Ես անձամբ այդքան էլ չեմ հավատում, բայց շատ մարդիկ հավատում են, ուստի չեմ ցանկանում կոտրել նրանց երազանքները, կամ, գուցե, վախերը»,- ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։
Թերթը նշում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում այս երևույթի վերաբերյալ խոսակցություններն ավելի հաճախակի են դարձել երկրի արևելյան և արևմտյան ափերի մոտ չբացահայտված թռչող օբյեկտների կադրերի հրապարակումից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Քորդենի երեկոյան շոուի եթերում խոսել էր Պենտագոնի գաղտնի պահոցների մասին, որտեղ, նրա խոսքով, պահվում են «թռչող ափսեների» լուսանկարները։
Օբաման խոստովանել էր, որ երբ 2008թ. նախագահ է ընտրվել, փորձել է պարզել` արդյոք ԱՄՆ-ն ունի գաղտնի լաբորատորիաներ, որոնք վկայում են վերերկրային քաղաքակրթության գոյության մասին:
«Նրանք փոքր հետաքննություն անցկացրին ու տվեցին բացասական պատասխան»,-ասել էր Օբաման` միևնույն ժամանակ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն լուսանկարներ և տեսագրություններ, որոնցում չբացահայտված թռչող օբյեկտներ են և դրանց ծագումը պարզելն անհնար է:
«Հստակ չգիտենք` դրանք ինչ են: Չենք կարող բացատրել` ինչպես են դրանք շարժվել, դրանց հետագիծը»,-եզրափակել էր Օբաման:
Ընդ որում, ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել էր մեկնաբանել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ չբացահայտված թռչող օբյեկտների մասին խոսքերը՝ համապատասխան հարցն ուղղած լրագրողին խորհուրդ տալով այդ հարցով «դիմել Օբամային»։