Ամերիկուհին 1 մլն դոլար շահած վիճակախաղի տոմսը սխալմամբ դեն է նետել, սակայն այն վաճառած խանութի ազնիվ տերերն այն հետ են վերադարձրել
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհին, որը պատահմամբ դեն է նետել վիճակախաղի` 1 մլն դոլար շահած տոմսը, ի վերջո կարողացել է ստանալ շահումը` շնորհիվ մարդկային բարության և ազնվության, գրում է 13wham.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լեա Ռոուզ Ֆիեգան Diamond Millions վիճակախաղի տոմսը գնել էր մարտին` 30 դոլարով: Նա հաջողակ տոմսը ձեռք էր բերել Սաութուիք քաղաքի Lucky Stop խանութից, որտեղից հաճախ է առևտուր անում:
Կնոջ պատմելով` թեկուզև բոլոր թվերը չի ջնջել, սակայն մտածել է, որ չի շահել, ուստի տոմսը տվել է խանութի աշխատողին, որպեսզի այն դեն նետի: Դրանից հետո տոմսը տասն օր մնացել է վաճառասեղանի հետևում:
«Մի երեկո ես նայում էի աղբարկղի տոմսերն ու գտա մեկը, որի ծածկույթը լրիվ ջնջված չէր: Ես ջնջեցի թիվն ու տեսա ու 1 մլն դոլար շահում կա», -ասել է խանութի տիրոջ որդին` Աբի Շահը:
Եվ քանի որ Ֆիեգան խանութի մշտական հաճախորդներից էր, տղան անմիջապես գնացել է նրա մոտ:
«Նա եկավ աշխատանքիս վայր ու ասաց, որ իր հայրն ու մայրն ուզում են տեսնել ինձ: Ասացի` աշխատում եմ, բայց նա պնդեց: Երբ գնացի ու նրանք ինձ պատմեցին, ուղղակի չէի կարողանում հավատալ: Արտասվեցի, ողջագուրվեցինք»,-ասել է շահողը:
Հատկանշական է, որ վիճակախաղի պետական հանձնաժողովը 10 000 դոլար կվճարի խանութին շահող տոմսը վաճառելու համար: Մինչդեռ Ֆիեգան իր կողմից հավելյալ պարգևավճար է տվել ազնիվ ընտանիքին: