Ռոհանին Իրան-Չինաստան հարաբերությունները «ռազմավարական և կայուն» է անվանել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացում ասել է, որ Թեհրան-Պեկին հարաբերությունները վերջին 50 տարվա ընթացքում վերելք են ապրում:
Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում կզարգանա՝ երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական և կայուն, հայտնում է Tehran Times թերթը։
Զրույցի ընթացքում Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է խթանել Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ինչը սերտ կապեր կստեղծի՝ ներառյալ Իրանից Չինաստան նավթի ու նավթամթերքի արտահանման դյուրացումը։
Ռոհանին նաև անդրադարձել է Իրանի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության «Հորմուզի խաղաղություն» նախաձեռնությանը (ՀՈՒՅՍ)՝ ասելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տարբեր հարցերի շուրջ պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում Չինաստանի կառուցողական մոտեցման համար։
Չինաստանի նախագահը, իր հերթին, նշել է, որ Չինաստանն ու Իրանը համագործակցությամբ կարող են ազդեցիկ դեր ունենալ տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման գործում և հավելել է, որ աջակցում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն չի կարող ցանկացած պահի դուրս գալ կամ վերադառնալ համաձայնագիր։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանին կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութեր տրամադրելուն, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և այլ հարցերի։