Ճապոնիայում հաստատել են, որ ԱՄՆ-ն կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին
Ճապոնիա ուղևորություններից խուսափելու վերաբերյալ մայիսի 24-ին հաստատված ԱՄՆ Պետդեպարտամենտի հանձնարարականը հասցեագրված չէ այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում քննարկումների ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ԱՄՆ-ի կառավարությունից պարզաբանումներ ենք ստացել, որ այդ հանձնարարականը չի ազդի Օլիմպիադային ամերիկյան հավաքականի մասնակցության վրա»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ COVID-19-ի ֆոնին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել օտարերկրացիների գնած տոմսերի գումարը: