Բլինկենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ ժամանել է Իսրայել. քննարկվելու է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի ամրապնդումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ մայիսի 25-ի առավոտյան ժամանել է Իսրայել, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ: Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Բեն Գուրիոն օդանավակայանում Բլինկենին դիմավորել է նրա իսրայելցի պաշտոնակիցը: Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի հետ պետքարտուղարի բանակցությունների սկիզբը ծրագրված Է Երևանի ժամանակով 11:00-ին: Դրանք կկայանան Երուսաղեմում Նեթանյահուի դիվանատանը:
Դրանից հետո ծրագրված է Բլինկենի հանդիպումն Աշկենազիի հետ, որը, ռադիոկայանի տվյալներով, կկայանա Իսրայելի արտգործնախարարության շենքում: Տարածաշրջանում մինչև մայիսի 27-ը Բլինկենի ուղևորության ընթացքում ծրագրված են նրա բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորի հետ: