Ընտրություններ, երբ թշնամին երկրի ներսում է. «Ժողովուրդ»
«Արդեն 13-րդ օրն է, որ ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում երեք ուղղություններով առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Ավելին՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի օրակարգում անգամ այդ հարցը չկա, և նրանցից ոչ ոք պատկերացում չունի՝ ինչպես են լուծելու խնդիրը, ինչպես են ադրբեջանական զինուժին հետ շպրտելու: Փորձենք ամփոփել և հասկանալ, թե այս պահի դրությամբ որ քաղաքական ուժերը ինչպես են մասնակցում ընտրություններին: Իշխող ուժն այս անգամ ընտրություններին կգնա միայնակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, սակայն նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու՝ դրսից:
Միայնակ են ընտրություններին մասնակցելու նաև խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, և «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաև Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները:
Իսկ ինչպե՞ս են մասնակցելու քաղաքական մյուս ուժերը. «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել:
Այսօր վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները, սակայն արդեն իսկ պարզ է, որ մեծաթիվ ուժերով ընտրություններ են սպասվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։