Ադրբեջանցիների հիմնական թիրախը «Մեղրիի միջանցքն» է լինելու․ Մեղրիի քաղաքապետ. «Իրավունք»
«Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց դատախազի բողոքը՝ ուժի մեջ թողելով Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ու տեղին է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորված Զաքարյանին փորձում են դատել այդ պատերազմի համար պատասխանատու դասալիքները:
Լուրջ քննարկումների առարկա է դարձել տարածվող լուրն այն մասին, որ ԱՄՆ դեսպանի՝ Մեղրիի այցի նպատակն այնտեղ ԱՄՆ հյուպատոսարան ստեղծելն էր: Այս, ինչպես նաև սահմանային իրավիճակի, Մեղրիի հնարավոր միջանցքի շուրջ զրուցել ենք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, որը կտրականապես հերքեց տարածված տեղեկությունը։
-Պաշտոնապես հայտարարում եմ, չկա նման բան, անգամ խոսակցություն, ակնարկ չի եղել: Եղել է սովորական դեսպանի այց, նման քննարկումները բացարձակ առարկայազուրկ են:
- Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել:
- Ընդամենը մեկ ժամ է եղել քաղաքապետարանում, քաղաքին վերաբերող սովորական հարցեր ենք քննարկել:
- Պարո՛ն Զաքարյան, «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները գնալով մտահոգիչ են դառնում:
- Ես միշտ էլ մտածել եմ, որ Շուռնուխի ու մյուս հատվածների թեմաները փոքր հարցեր են ադրբեջանցիների համար, նրանց հիմնական թիրախը «Մեղրիի միջանցքն» է լինելու:
- Ու ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ իրականություն դառնա «Մեղրիի միջանցք» ասվածը:
- Դա մեր անկախության վերջը կլինի: Առաջ ասում էի՝ վերջի սկիզբն է, բայց հիմա ասում եմ՝ իսկականից վերջը: Չնայած, կանխատեսելի էր, էսպես ապաշնորհ ու դասալիքների կառավարության պարագայում այլ բան սպասելի էլ չէր:
- Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սյունիքում, որտե՞ղ են տեղակայված ադրբեջանցի զինվորականները:
- Ըստ էության, խախտված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ոչ թե Սյունիքի կամ որևէ համայնքի սահման, և պետք է դրա արձագանքները լինեին պետական մասշտաբով: Ճիշտ է, այս կառավարության պարագայում դա համարյա անհնար է, որ ադեկվատ պատասխան լինի, բայց պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ, ոչ թե ջոկատ ստեղծել, տեղի ուժերով պայքարել: Մենք պետք է պահանջենք, որ կառավարությունը, մեր Զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Իհարկե, էդ կոնտեքստում ամենամեծ օգնականն ու առաջին թևն ու թիկունքը մենք պետք է լինենք, բայց կանոնակարգումը պետք է լինի բանակից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։