Իրավիճակն իսկապես աննախադեպ է․ նախկինում երբեք ապաքաղաքական լինելու պարտականություն ունեցող որևէ մարմին ՍԴ-ի վերաբերյալ կոշտ քննադատություն չի հնչեցրել․ իրավաբանը՝ Դատախազություն-ՍԴ բանավեճի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հոդվածով անդրադարձել է ՍԴ-դատախազություն հեռակա բանավեճին․ «Արդեն լրացել է մեկ շաբաթ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը 2021 թվականի մայիսի 19-ին հաղորդագրություն տարածեց, որ Սահմանադրական դատարանը կամայականորեն մերժել է գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Գործն առնչվում էր Ռոբերտ Քոչարյանին։ Հիշյալ հաղորդագրությամբ գլխավոր դատախազությունն ընդգծել է․ ակնհայտ է Սահմանադրական դատարանի այդ որոշման հակասահմանադրական բնույթը, Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև այն Սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է։
Իրավիճակն իսկապես աննախադեպ է, այն իմաստով, որ նախկինում երբեք իր կարգավիճակով ապաքաղաքական լինելու պարտականություն ունեցող որևէ մարմին Սահմանադրական դատարանի և նրա կայացրած որոշման վերաբերյալ նման որակումներով կոշտ քննադատություն չի հնչեցրել և չէր կարող հնչեցնել։
Սակայն, այսօր նման քննադատություն հնչեցվում է քաղաքական մեծամասնության «հեղափոխական» արժեքներով և մոտեցումներով նորացված Սահմանադրական դատարանի ու նրա կայացրած որոշման վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը լռում է։ Ինչո՞ւ, արդյո՞ք այդ որոշումը կայացվել է բավարար նվազագույն ձայներով։ Ոչ։ Մեր աղբյուրները նշում են, որ այն կայացվել է նիստին մասնակից բոլոր դատավորների կողմից՝ միաձայն։
Գլխավոր դատախազությանը չի արձագանքում նաև Սահմանադրական դատարանը ներկայացնելու պարտականություն ունեցող Սահմանադրական դատարանը նախագահող Արման Դիլանյանը։ Ինչո՞ւ է նա հանդուրժում Սահմանադրական դատարանին վարկաբեկող որակումները, որովհետև, այնուամենայնիվ, գիտակցո՞ւմ է իր և Սահմանադրական դատարանի նորացված կազմի ապալեգիտիմ կարգավիճակը, հեղինակազուրկ լինելը և կամ ներդաշնա՞կ է ապազգային և հակապետական իշխանական մարմինների հետ։ Կարծում ենք երկուսն էլ և դրանով իսկ չունի հակադրվելու կամք ու հնարավորություն։
Որքան էլ անսպասելի էր կամ հենց սպասելի էր գլխավոր դատախազության հաղորդագրության կապակցությամբ անհրաժեշտ պատասխան, անկախ Սահմանադրական դատարանի նախկին կազմի նկատմամբ օրվա իշխանությունների դրսևորած հակասահմանադրական և հակաօրինական քայլերից ու հետևանքներից, տրվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի կողմից՝ ելնելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելությունը, Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական արժանապատվությունը բարձր պահելու գիտակցումից՝ ինչպես միշտ»։