Երեկվա քամին Կոտայքի Ակունք գյուղում վնասել է 40 տան, 8 գոմի տանիք, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն, գազատար և 13 տան պարիսպ
Մայիսի 24-ին` ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Ակունք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի այգին, տանիքը․ կան թուլացած կառուցատարրեր։
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ակունք համայնքի 1-ին, 2-րդ, 4-ից 10-րդ և 33-րդ փողոցներում քամուց վնասվել է մոտ 40 տան տանիք, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն (մոտ 3700 քմ), գազատար (մոտ 100 գմ), 13 տան պարիսպ (մոտ 800 քմ), 8 անասնագոմի տանիք (մոտ 400 քմ), 2 խորդանոցի տանիք, արևային ջրատաքացուցիչ, արևային էլեկտրակայան, էլեկտրական մալուխ (մոտ 600 գմ), շրջել 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ (սառնարան), 5 ծառ, ինչի հետևանքով փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։
Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ ծառերը հեռացրել են ճանապարհից: