Թուրքիան դարձել է ռազմարդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը. Էրդողան
Վերջին 2 տասնամյակում Թուրքիային հաջողվել է դառնալ ռազմարդյունաբերության ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այս մասին իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան պատմության մեջ առաջին անգամ անօդաչու թռչող սարքեր է մատակարարելու (Bayraktar TB2) մի երկրի, որը ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ է հանդիսանում: Բացի այդ, Թուրքիան շուտով F-16 ինքնաթիռներ կուղարկի Լեհաստան՝ դաշինքի անդամ երկրների օդային տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելության շրջանակում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև ողջունել է Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» բազա ռազմածովային պարեկային ինքնաթիռներ և ռազմական առաքելություն ուղարկելու Լեհաստանի որոշումը: