ԱՄՆ-ն կուժեղացնի ռազմական ներկայությունը Հունաստանում, ինչը պայմանավորված է Թուրքիայի նկատմամբ վստահության նվազմամբ. Kathimerini
Միացյալ Նահանգները ձգտում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Հունաստանում՝ թե՛ մշտական, թե՛ ռոտացիոն կարգով, հայտնում է Kathimerini թերթը և հավելում, որ այդ մասին ԱՄՆ-ն տեղեկացրել է իր դաշնակիցներին և գործընկերներին։
Աղբյուրների համաձայն՝ այս քայլը ներկայացվում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի տարածքում բնական տեղակայում, սակայն հիմքում հույն-թուրքական հարաբերությունների վատթարացմանն առնչվող Վաշինգտոնի մտահոգություններն են այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլևս չի դիտվում որպես Արևմուտքի կայուն դաշնակից։
Ներկայում Հունաստանում գործող ԱՄՆ ռազմական կետերին կավելանան ևս 4-ը, որոնց համար հունական կողմը ներկայացրել է 22 վայրերից կազմված ցուցակ՝ երկարաձգելով ԱՄՆ-ի ներկայությունը երկրում։
Բացի այս համաձայնությունից, Միացյալ Նահանգները Հունաստանի գլխավոր շտաբին խորհուրդ է տվել ստեղծել նոր՝ հատուկ պատերազմական իրավիճակներում գործելու հրամկազմ։ Թերթը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ն Հունաստանի հատուկ նշանակության ջոկատներին տրամադրել է անհրաժեշտ սարքավորումներ: