Ինչպես դասավորվեց նախկին իմքայլականների քաղաքական կարիերան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է վերջնականապես ստանա բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները: Այսինքն՝ արդեն բոլորը կողմնորոշվել են, և պարզ է, թե ով ում հետ է գնալու ընտրությունների: Այս իրավիճակում հետաքրքիր է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների ապագան: Հիշեցնենք, որ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գևորգյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եկան խմբակցությունից և տեղավորվեցին ընդդիմադիր դաշտում:
Թեև Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանն ու Վարդան Աթաբեկյանը հայտարարել են, որ քաղաքականությունից դուրս են գալիս և ոչ մի ցուցակ չեն մտնելու, բայց շարունակում են կոշտ քննադատության ենթարկել Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը: Թերևս նրանք իշխանության մասին ներսից ավելին գիտեն, դրա համար կոշտ դիրքորոշումներ են հայտնում։ Իսկ մյուս երկու կանայք՝ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը, քաղաքական կարիերան որոշել են շարունակել ընդդիմադիր ճամբարում: Աննա Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում է՝ չի բացառվում, որ առաջին կին թեկնածուն լինի: Իսկ Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» դաշինքի տասնյակում է՝ 6-րդ համարը:
Այսինքն՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն. 3-ը՝ ԱԺ-ից դուրս, իսկ երկուսը, ամենայն հավանականությամբ, կրկին կհայտնվեն ԱԺ-ում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։