Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Լեհաստանին
Թուրքիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերը ՆԱՏՕ-ի երկիր Լեհաստանին մատակարարելու մասին համաձայնագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Դուդան Անկարայում է գտնվում պաշտոնական այցով:
Էրդողանը հայտնել է, որ հաջողություններ ունեն անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում և պատրաստ են իրենց փորձով ու հնարավորություններով կիսվել ՆԱՏՕ-ի գործընկեր Լեհաստանի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լեհաստանի պաշտպանության նախարարը, իր երկիրը Թուրքիայից գնում է 24 հարվածային անօդաչու թռչող սարքեր: