Ամերիկուհուն վերադարձրել են 1 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմսը, որը պատահաբար դեն է նետել
Մասաչուսեթսի բնակչուհին, որը պատահաբար դեն է նետել 1 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմսը, ի վերջո ստացել է շահումը՝ շնորհիվ խանութի տերերի ազնվության, որտեղից գնել է տոմսը, հայտնել է AP-ն:
Լեա Ռոուզ Ֆիեգան Diamond Millions վիճակախաղի տոմս է գնել Սաութվիքի Lucky Stop խանութից՝ իր աշխատավայրից ոչ հեռու: Կնոջ խոսքով՝ արագ նայել է թվերը, եւ որոշելով, որ ոչինչ չի շահել, դեն է նետել:
Տոմսը 10 օր մնացել է վաճառասեղանի ետեւում:
«Մի երեկո աղբարկղի տոմսերն էի նայում ու հայտնաբերեցի, որ ոչ բոլոր թվերն են ջնջված», - ասել է խանութի տիրոջ որդին: Նա ջնջել է պակասող թվերը եւ 1 միլիոն դոլարի շահում հայտնաբերել»:
Լեան խանութի մշտական հաճախորդն է, ուստի ընտանիքը անմիջապես հասկացել է, թե ով է այն դեն նետել եւ վերադարձրել է:
Հաղթող տոմս վաճառելու համար խանութը նահանգի հանձնաժողովից ստացել է 10,000 դոլարի բոնուս: Լեան ասել է, որ հավելյալ հատուցել է ընտանիքին տոմսը վերադարձնելու համար: