Կոնգրեսում կանխատեսել են, որ մինչև 2030-ը ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ նախօրեին հրապարակված զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականը միջուկային ուժերի պահպանման, ներառյալ՝ արդիականացման ծրագրերի համար Միացյալ Նահանգներին հարկավոր կլինի 634 մլրդ դոլար:
«2021 ֆինանսական տարվա համար Պենտագոնի և էներգետիկայի նախարարության բյուջետային հարցումների հավանության դեպքում (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին), 2021-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում միջուկային ուժերի պահպանումն ընդհանուր առմամբ կարժենա 634 մլրդ դոլար։ Այդ ծավալի երկու երրորդը կգնա Պենտագոն. ամենամեծ ծախսերը կապված են ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռների և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ: Էներգետիկայի նախարարության ամենամեծ ծախսերի թվում են միջուկային զենքի լաբորատորիաները և դրանց հետ կապված գործունեությունը»,- ասված է զեկույցում։
Կոնգրեսի 2019 թվականի բյուջետային վարչության զեկույցում ընդհանուր ծախսերը գնահատվում էին 494 մլրդ դոլար․ կանխատեսվող ֆինանսավորման ծավալների ավելացումը կապված է, մասնավորապես, միջուկային արդիականացման ծրագրերի հետ:
Երկուշաբթի դեմոկրատ սենատորներ Էդվարդ Մարկին և Էրլ Բլյումենաուերը ներկայացրել են «միջուկային ծախսերի նկատմամբ ավելի խելամիտ մոտեցման» մասին օրինագիծը, որը նախատեսում է 73 մլրդ դոլարով ֆինանսավորման կրճատում: