«ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի»․ Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է պատասխանատվության ենթարկել Բելառուսի գործող իշխանություններին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ։
«Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Սալիվանը նաև դատապարտել է Մինսկի օդանավակայանում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը և կոչ է արել «ԵԱՀԿ-ի հսկողության ներքո Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը:
Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածով և կարող է սահմանվել 15 տարվա ազատազրկում։
Ավելի ուշ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում էր կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով: