Մոսկվան զգուշացնում է Թուրքիային
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ուկրաինական թեման շոշափելիս Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:
Լավրովն իր թուրք գործընկերներին հորդորել է բոլոր մակարդակներում ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը:
Նա ընդգծել է, որ Ղրիմին առնչվող ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ այդ առումով Մոսկվան ակնկալում է, որ Կրեմլի օրինական մտահոգությունները նկատի ունենալով՝ Թուրքիան կշտկի իր որդեգրած գիծը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը։
Վերլուծաբանները կանխատեսում էին Կիեւի եւ Անկարայի մոտալուտ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: