ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչի կալանավորումը «Բելառուսի ներքին գործն» է
Մոսկվան համարում է, որ Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկի՝ Ռոման Պրոտասևիչի կալանքը Բելառուսի ներքին գործն է: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկի` Ռոման Պրոտասևիչի ձերբակալման մասին տեղեկությունը, որը գտնվում էր օդանավում և ներառված էր ծայրահեղական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Մենք համարում ենք, որ այս հարցը Բելառուսի ներքին գործն է: Տեղեկություններ կան, որ բացի Ռոման Պրոտասևիչից, ինքնաթիռ չի վերադարձել նաև Ռուսաստանի քաղաքացի: Այս հարցով Մինսկում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է նրա հարազատների և Բելառուսի իշխանությունների հետ, նրանք պատրաստ են տրամադրել հյուպատոսական օգնություն», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար: