Էրդողանը հայտարարել է Լեհաստանին «Բայրաքթար ՏԲ2» մարտական անօդաչու սարքեր վաճառելու գործարքի մասին
Թուրքիան առաջին անգամ մարտական անօդաչու թռչող սարքեր կվաճառի Լեհաստանին՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով Բալթիկայի օդային տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Լեհաստան կուղարկի իր F-16 կործանիչները: Նա նաեւ ողջունել է լեհական զորքերի տեղակայումը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում:
Լեհաստանը 24 «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարք կգնի Baykar մասնավոր ընկերությունից, որը պատկանում է Էրդողանի փեսաներից մեկին: Անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը կառաքվի հաջորդ տարի: