Բրիտանացին աշխարհում ամենաառաձգական մաշկն ունենալու համար Գինեսի ռեկորդակիր է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի Գարի Թըրներն աշխարհում ամենաառաձգական մաշկն ունենալու համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Times Now-ն։
Թըրներն Էհլերս-Դանլոսի համախտանիշի պատճառով կարող է որովայնի մաշկը ձգել մինչև 15,8 սմ։
«Ես միշտ գիտեի, որ իմ մաշկն այլ է, մանկության տարիներին հորեղբայրներս առաձգական մաշկս իրենց ընկերներին ցույց տալով՝ զվարճանում էին»,- ասել է Գինեսի ռեկորդակիրը։
Թըրները նաև ընդգծել է, որ մաշկը ձգելիս ոչ մի ցավ չի զգում, սակայն հազվագյուտ համախտանիշի հետևանքով ուժեղ հոդացավեր ունի։
Էհլերս-Դանլոսի համախտանիշը շարակցական հյուսվածքի հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է։ Հիվանդության ախտանշաններից են՝ թույլ հոդերը, հոդացավերի առկայությունը, ձգվող, թավշյա մաշկը։