Թուրքիայում ռոբոտ-սարք է ստեղծվել` համալրելու զորքերի սպառազինումը (լուսանկարներ)
Թուրքիայում միջին դասի բազմաֆունկցիոնալ ինքնակառավարվող ցամաքային սարքավորում է ստեղծվել, որը սպառազինման կազմում կհայտնվի հունիսին:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, BARKAN անվանումն ստացած սարքավորման ստեղծման աշխատանքները մեկնարկել են մեկուկես-երկու տարի առաջ: Ռոբոտ սարքը հաջողությամբ մի շարք փորձարկումներ է իրականացրել:
«Մեր գլխավոր նպատակն արհեստական բանականության կիրառումն է այդ սարքում: Կարևոր է, որ այդ սարքավորումները կարողանան համատեղ առաջադրանքներ կատարել անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ ինքնակառավարվող ցամաքային սարքավորումների հետ` բարձրացնելով զորքերի արդյունավետությունը դաշտային պայմաններում»,- նշել է թուրքական ընկերության ներկայացուցիչը:
Սարքավորումների դաշտային փորձարկումներն իրականացվելու են հուլիսին կամ օգոստոսին: