«Փորձում էի մորս կորստի ցավը քողարկել». արքայազն Հարին խոստովանել է՝ չարաշահել է ալկոհոլը և պատրաստ է եղել անգամ թմրանյութեր օգտագործել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ չարաշահել է ալկոհոլը և նույնիսկ պատրաստ է եղել թմրանյութեր օգտագործել՝ փորձելով թմրեցնել մորը կորցնելու ցավը:
Այս մասին Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թոռը հայտարարել է հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ընթացքում՝ «Իմ եսը, որը չես կարող տեսնել» (The Me You Can’t See) նախագծի շրջանակում, հաղորդում է BBC-ն:
«Ուրբաթ կամ շաբաթ երեկոյան ես կարող էի խմել այնքան, որքան խմում են մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում: Ես դա անում էի ոչ թե այն պատճառով, որ ինձ դուր էր գալիս, այլ որովհետև փորձում էի ցավը քողարկել»,- շեշտել է Հարին:
Արքայազն Հարրին կորցրել է մորը 1997 թվականին, երբ 12 տարեկան էր: Նրա խոսքով՝ ինքը երեխա ժամանակ շատ էր բարկացել իր հետ կատարվածի համար: Բացի այդ, հաջորդող տարիներին նրա շրջապատից քչերն էին խոսում արքայադուստր Դիանայի մահվան մասին, և թագավորական ընտանիքն ակնկալում էր, որ նա ինքնուրույն կհաղթահարեր մամուլի ճնշումը և հոգեկան տառապանքը: Սակայն խնդիրները ժամանակի ընթացքում չեն վերացել:
Ըստ նրա՝ իր կյանքի ամենամղձավանջային շրջանը 28-32 տարեկանն ընկած ժամանակահատվածն էր: Այս ամբողջ ընթացքում նա ստիպված է եղել ինքնուրույն հաղթահարել խուճապի նոպաները և ուժեղ անհանգստությունը:
«Ամեն անգամ, երբ ես կոստյում էի հագնում և փողկապ կապում, ստիպված էի դեր խաղալ: Անգամ տնից դուրս գալուց առաջ ես քրտինքի մեջ էի թաթախված»,- ասել է Հարին: