«Մենք նույնիսկ ավելի լավն ենք, քան գերտերությունները»․ Իրանի ՊՆ-ն նշել է հրթիռային հզորության առումով աշխարհի առաջատար երկրների շարքում լինելու մասին
Իրանի պաշտպանության նախարարության ձեռքբերումները ցուցադրող ցուցահանդեսի ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է, որ Իրանն, անկասկած, հրթիռային հզորության առումով աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Այս մասին հայտնում է իրանական Tehran Times թերթը։
«Պաշտպանական կարողություններն ու համաժողովրդական աջակցությունն Իրանին պաշտպանական ուժ են ապահովում, և թշնամիները խոստովանում են, որ այլևս առավելություն չունեն։ Մենք նույնիսկ ավելի լավն ենք, քան գերտերությունները», - ասել է Հաթամին։
Նա նշել է, որ իրենք առաջատեր դիրք ունեն ոչ միայն ցամաքային, այլև օդային ուժերում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, մայիսի 24-ին կայացած ցուցահանդեսի ժամանակ ընդգծել է, որ Իրանն ամուր է ցանկացած ագրեսիայի դեմ և ձգտում է խաղաղություն հաստատել հարևանների և մահմեդական աշխարհի հետ։ Նա հավելել է, որ երկրում առաջընթաց գրանցվել է այն բանից հետո, երբ երիտասարդներին ոլորտում փորձեր անելու հնարավորություն է ընձեռվել։
«Իսլամական համակարգի ուժի հիմքը ոչ թե հրթիռային արդյունաբերությունն ու հզորությունն է, այլ յուրաքանչյուր մարդու սիրտը: Մարդիկ պետք է հավատան, որ մեր ռազմավարական խորությունը նրանց սիրտն է: Սա է, որ տարբեր ոլորտներում փոփոխության է բերում», - ասել է Ղալիբաֆը։