«Չսափրված և ամուսնական մատանիով»․ Բիլ Գեյթսին ամուսնալուծության մասին լուրից հետո առաջին անգամ նկատել են դստեր հետ ընթրիքի ուղևորվելիս (լուսանկարներ)
Մելինդա Գեյթսի հետ ամուսնալուծության մասին լուրից հետո առաջին անգամ պապարացիները լուսանկարել են ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ համացանցում հայտնված լուսանկարներում «չսափրված» Գեյթսը շարունակում է կրել ամուսնական մատանին։
Microsoft ընկերության 65-ամյա հիմնադիրին շաբաթ օրը նկատել են թիկնապահների ուղեկցությամբ Նյու Յորքի Մանհեթն թաղամասում 18-ամյա դստեր՝ Ֆիբիի և վերջինիս ընկերոջ՝ Չազ Ֆլինի հետ ռեստորան ուղևորվելիս։
Ինչպես գրում է պարբերականը, Գեյթսը, չնայած ամուսնալուծությանը, հիանալի տրամադրություն է ունեցել և ձախ ձեռքի մատնեմատին կրել է ամուսնական մատանին։
Ավելի ուշ պապարացիները Գեյթսին նկատել են Նյու Ջերսիի Նյուարկ օդանավակայանում։
Շաբաթներ առաջ Բիլ Գեյթսը և նրա կինը հայտնել էին ամուսնալուծության մասին։ Զույգը որոշել էր դադարեցնել 27-ամյա ամուսնությունը «երկար խորհրդակցելուց և հարաբերությունները լավացնելու ուղղությամբ շատ աշխատանք տանելուց հետո»:
Հիշեցնենք՝ Բիլ Գեյթսը հանդիպել էր իր ապագա կնոջը 1987 թվականին: Այդ ժամանակ Մելինդան կրում էր Ֆրենչ ազգանունը և աշխատում էր Գեյթին պատկանող Microsoft ընկերությունում՝ որպես վաճառքի մենեջեր:
Զույգի ամուսնալուծության մասին հաղորդագրությունից հետո New York Times-ը հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ միլիարդատերը տարիներ շարունակ «կնոջ թիկունքում» սիրահետել է իր ընկերության աշխատակցուհիներին։
Ընդհանուր առմամբ, Microsoft-ի ներկա և նախկին վեց աշխատակիցներ պնդել են, որ Գեյթսն իրենց համար «անհարմար աշխատանքային միջավայր» է ստեղծել։