«Հիտլերը ճիշտ էր»․ BBC-ն իր լրագրողուհու թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ)
Բրիտանական BBC լրատվականն իր լրագրողուհու՝ 7 տարի առաջ «Հիտլերը ճիշտ էր» հեշթեգով թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Daily Mail-ը։
Լրատվականի լրագրող Թալա Հալավան 2014 թվականին իր Twitter-ում գրել է. «Իսրայելն ավելի շատ նացիզմ է ցուցաբերում, քան Հիտլերը։ Հիտլերը ճիշտ էր, Իսրայելի զինված ուժեր, գնացեք գրողի ծոցը»։
Պարբերականը նշում է, որ լրագրողուհու գրառումը «պեղել և թվիթերում վերահրապարակել է» Honest Reporting-ը, որը, ինչպես ասված է սոցցանցերում կազմակերպության նկարագրության հատվածում, «Իսրայելի լուսաբանման հարցում նպաստում է ԶԼՄ-ներում արդարությանն ու ճիշտ տեղեկատվությանը»։
«Լրագրողն այդ գրառումն արել է նախքան BBC-ում աշխատանքի ընդունվելը, բայց մենք, այնուամենայնիվ, դրան շատ լուրջ ենք վերաբերվում և հետաքննություն ենք անցկացնում»,- հայտնել է BBC-ի պաշտոնական ներկայացուցիչը: