Ֆրանսիայի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական պատասխան տալ Բելառուսին՝ Մինսկում «Ryanair»-ի օդանավի կատարած վայրէջքի պատճառով
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եվրոպական երկրներին կոչ է արել վճռական պատասխան տալ Բելառուսին՝ կապված Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը ֆրանսիացի նախարարն արել է իր թվիթերյան էջում:
Լե Դրիանն օդանավի չվերթի երթուղու փոփոխությունը Բելառուսի իշխանությունների կողմից «անթույլատրելի» է անվանել: «Անհրաժեշտ է եվրոպական երկրների վճռական և միասնական պատասխանը»,- գրել է ֆրանսիացի գործիչը:
Նախարարը նաև կոչ է արել չվերթի «բոլոր ուղևորներին, այդ թվում՝ հնարավոր բելառուս ընդդիմադիրներին, թույլ տալ անհապաղ հեռանալ Բելառուսից»:
Նշվում է, որ տվյալ օդանավում Ֆրանսիայի 9 քաղաքացի է եղել:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը:
Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: