Մխիթարյանը և Մոուրինյոն «բարիշել» են
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթներն իտալական «Ռոմայում»:
Tuttomercatoweb-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու պատճառով, սակայն պորտուգալացի մասնագետի հետ հանդիպումից հետո փոխել է իր որոշումը: Մոուրինյոն խոստովանել է, որ Մխիթարյանն առանցքային խաղացող է իտալական ակումբում:
Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի հետ նախկինում աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 33 խաղի և դարձել 12 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):