Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն. news.am
Մալխաս Ամոյանը (72 կգ) նվաճեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ և վստահ հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Ամոյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ գոտեմարտերից յուրաքանչյուրում վաստակելով 3 միավոր:
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր մայիսի 22-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր վրացի Օթար Աբուլաձեին (6:1), ադրբեջանցի Խասայ Հասանլիին (7:0) ու ռուս Սերգեյ Կուտուզովին (4:1):
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 7 ըմբիշով և նվաճել 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) գրավել էին երկրորդ տեղը, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: